Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Ս. Հովհան Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների և Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի հիշատակության օրը: Ս. Հովհաննես Օձնեցին, ում մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ: Գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Ս. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձուն գյուղի մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Ս. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար: