«Փաստ» օրաթերթը գրում է. «Գրեթե բոլոր երկրներում էլ հետազոտություններ են արվում հանրային կարծիքի և այլ երկրների հետ կապված վերաբերմունքի մասով։ Խնդիրն այն է, որ հանրային ու փորձագիտական մոտեցումները որոշակիորեն իրենց ազդեցությունն են ունենում նաև տարվող արտաքին քաղաքականության վրա։ Հիմա, առավել ևս, ինչպես այլ երկրներում, այդ թվում՝ Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում տարբեր հետազոտություններ են կատարվում՝ հանրային և փորձագիտական մոտեցումները և դրանց փոփոխությունը հասկանալու համար։ Նման հետազոտություն արդեն երրորդ տարին անընդմեջ Մոսկվայում անցկացնում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Եվ այս տարի ևս ուշագրավ տվյալներ են ամփոփվել՝ կապված հետխորհրդային երկրներում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական վերաբերմունքի վարկանիշների հետ: Ուշագրավ է, որ այս տարի հետազոտություններին մասնակցել է ռուսաստանյան և արտասահմանյան ավելի քան 400 փորձագետ՝ կրկնակի ավելի շատ, քան անցած տարի: Իրականացվել է հետխորհրդային 16 երկրում տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական փաստաթղթերի, նշյալ երկրների ղեկավարների հայտարարությունների և լրատվամիջոցների մանրամասն վերլուծություն: Հասկանալի է վերլուծության կարևորությունը Ռուսաստանի համար. ռուսական կողմը հետխորհրդային տարածքը համարում է իր համար կենսական շահերի գոտի։ Եվ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի հետ բարեկամական կոմունիկացիոն ռեժիմի շարքին է դասվել տասը երկիր՝ Հարավային Օսիա, Բելառուս, Աբխազիա, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան և Հայաստան: