«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են իրավապահ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, նորություն չէ: Սակայն նույնիսկ այս ոլորտում բոլորը չէ, որ պատրաստ են դեմ գնալ օրենքներին ու անվերապահ կատարել Փաշինյանի ցանկությունները, որոշ դեպքերում՝ անգամ «կապրիզները»: Պատահական չէ, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով գրեթե նույն դատախազներն ու դատավորներն են նշանակվում: Սակայն, որպես օրինաչափություն, Փաշինյանի «սրտի» դատախազներին ու քննիչներին հետաքրքիր ճակատագրեր են սպասվում. նրանք ոչ միայն պարգևատրվում են, այլև ծառայություններից օգտվելուց հետո, ի վերջո, նրանցից բավականին արագ ազատվում են: Ի մասնավորի, կարելի է հիշել նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանին, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հիմնական դերակատարներից մեկն էր: Մուշեղյանը, ինչպես հայտնի է, հիմնական «պատռվողներից» մեկն էր, որպեսզի Քոչարյանը պարտադիր ազատազրկված լինի։ Նրա հետ նույն գործն ու նույն տրամաբանությունը տանում էին նաև մեղադրողները՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը։