Հարգելի հանրություն, ինչպես տեղյակ եք, ինձ՝ որպես այս իշխանություններին անհարմարություններ պատճառած ընդդիմադիր գործչի, շուրջ կես տարի ապօրինի կալանավորել են և «դատում են» քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով: Ինձ մեղադրում են, որ ես, իբր, ատելություն եմ քարոզել բոլորի կողմից «սիրելի» իշխանության նկատմամբ: Ինձ կալանավորելու պաշտոնական հիմքն այն է, որ ազատության մեջ լինելով, կշարունակեմ քննադատել իշխանություններին, այս մասին դատարանում իր ելույթն այսպես սկսեց անազատության մեջ պահվող հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։ Նա պարզաբանեց, թե ինչ է իրենից ներկայացնում 329-րդ հոդվածը, որը դարձել է այս իշխանության համար ընդդիմախոսներին, այլախոհներին լռեցնելու գործիք: «Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԵԽԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 (2012) բանաձևը, ըստ որի հստակ և միանշանակ տրվում է քաղաքական բանտարկյալի սահմանումը: Բանաձևում սևով սպիտակի վրա գրված է՝ ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր աջակցությունը հետևյալ չափորոշիչներին. ազատությունից զրկված անձը պետք է համարվի քաղբանտարկյալ, եթե անձի ազատազրկումը խտրական է՝ համեմատած այլ անձանց հետ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով (4-րդ կետ): Այս բանաձևին, ի թիվս այլ երկրների, միացել և կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց նա ու ցուցադրեց դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի, իր ու ևս երկու մարդու լուսանկար։