«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի հայտարարագրերը լավագույնս արտացոլում են ՔՊ-ական իշխանավորի հետհեղափոխական դասական կյանքի ուղին։ ՀՀ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Արտյոմ Սմբատյանը մինչեւ 2018-ը աշխատում էր Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունում որպես օպերլիազոր։ Հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ի հուլիսից մինչեւ սեպտեմբեր, աշխատել է Առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, նոյեմբերից դեկտեմբեր՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ապա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 2019թ.-ի մարտից մինչ դեկտեմբեր Սմբատյանը եղել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։ Այդ ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ Սմբատյանն իրավունք չուներ զբաղեցնելու Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ չի համապատասխանել այդ պաշտոնին առաջադրված պահանջներին։ Գլխավոր քարտուղարից հետո Սմբատյանը նշանակվեց առողջապահության փոխնախարար, պաշտոնավարեց երկու տարի, իսկ 2021թ.-ի օգոստոսին նշանակվեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Առողջապահական ոլորտում Սմբատյանի անցած ուղին մեծ հնարավորություններ է տվել ոչ միայն իրեն, այլ նաեւ կնոջը եւ զոքանչին։