Ադրբեջանը, հետևելով վերջին շրջանում ակտիվ կերպով գործարկվող՝ Արցախի Հանրապետության անկախության շրջանում տեղադրված հուշարձանների ոչնչացման ծրագրային քաղաքականությանը, ոչնչացրել է Ստեփանակերտի Մարտունի փողոցում գտնվող խորհրդային պետական-քաղաքական գործիչ, մտավորական ու գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։ Ալեսանդր Մյասնիկյանի արձանի բացումը 2014 թվականի սեպտեմբերի 27-ին է եղել՝ Ստեփանակերտ քաղաքի օրը։ Սկսած 2014 թվականից քաղաքի ավագանու որոշմամբ Ստեփանակերտ քաղաքի օրը տոնվում էր սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը։ Ալեքսանդր Մյասնիկյանի (գրական կեղծանունը Մարտունի) հուշարձանի հեղինակն է անվանի քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը։