ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնում իրականացված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի 3 ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Մ․Դ․-ն, վերազանցելով իր ծառայողական լիազորությունները, «իրեն արտոնյալ զգացող» կալանավորված անձին զբոսանքից խուց տեղափոխելուց հետո տևական ժամանակ բաց է թողել վերջինիս խցի դուռը՝ մյուս խցերում պահվող ազատազրկված անձանց նկատմամբ ընդգծելով և ամրապնդելով տվյալ կալանավորված անձի «առավելությունը» և իր գործողություններով արատավորելով քրեակատարողական ծառայողի պատիվն ու հեղինակությունը։ Բացի այդ՝ Մ․Դ․-ն՝ որպես պահակետի ավագ, չի իրականացրել հսկողություն իր ծառայակիցների կողմից իրենց պարտականությունները կատարելու նկատմամբ։