Այսօր լրանում է արցախյան շարժման 36-ամյակը, որը մի քանի տասնամյակ խորհրդանշում է հայ ժողովրդի հավաքական կամքն ու արդար ձգտումը` տնօրինելու սեփական ճակատագիրն ու հանուն ազգային գաղափարների պայքարելու վճռականությունը: 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը և սկիզբ դնում Արցախի վերածննդին: Այս ճանապարհը բարդ էր և փշոտ, սակայն գաղափարն այնքան ամուր էր, որ շատերն իրենց նպատակին հասնելու ճանապարհին սեփական կյանքը դրեցին: