Պարզվել են Երևան քաղաքում ամիսներ առաջ մի խումբ անձանց կողմից կատարված ավազակության դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի չափը, ինչպես նաև՝ քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ «Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ, հետևողական և մարտավարական առումով արդյունավետ պլանավորված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 53 և 37 տարեկան անձինք, ավազակությամբ հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, 2023թ. հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, խմբի կազմում, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Երևանի բնակչին պատկանող առանձնատուն։ Ապօրինի կերպով ձեռք բերված, իրենց հետ նախապես վերցրած և ապօրինի պահվող հրազեն հանդիսացող, չպարզված տեսակի կարճափող հրացանի և ատրճանակի գործադրման սպառնալիքներով կոտրելով տանտերերի կողմից դիմադրություն ցույց տալու հնարավորությունը՝ վերջիններիս պառկեցրել են հատակին և կպչուն ժապավեններով կապել նրանց ձեռքերը: