«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականին, Ազգային ակադեմիայի գնահատականով, Սեւանում եղել է 4700 տոննա Սիգ, 2023-ին՝ 3900 տոննա։ Փաստը մնում է փաստ, որ Շրջակա միջավայրի նախարարության նախարար Հակոբ Սիմիդյանը այդպես էլ չկարողացավ կատարել իրեն հանձնարարվածը եւ չվերահսկեց ապօրինի ձկնագողությունը։ Վարչապետ Փաշինյանը երեկ Կառավարության նիստում Սիմիդյանի վրա բարկացավ, ակնարկեց, որ նրան հանձնարարված աշխատանքները մնում են անկատար։ Սիմիդյանը, ի պատասխան, նշեց. «Մինչեւ 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակներում օրինական որս իրականացնելու համար»։ Սիմիդյանը տեղեկացրեց, որ 2020-21 թթ. քվոտան եղել է 300 տոննայի շրջանակներում, 2022-23 թվականին եղել է 600 տոննայի շրջանակներում։ Փաշինյանը, այս տվյալներն ավելի բացելով, նշեց. «600 տոննա քվոտայի դիմաց մենք իրացրել ենք 566.1 տոննա ձուկ: Այսինքն՝ մենք բոլորս գիտենք, որ կրկնակի ավել որս է արվում, բայց նույնիսկ այս քվոտան, որի դիմաց պետք է վճարում ապահովվեր, մենք գոնե սիգի այդ 600 տոննայի վճարը չենք կարողացել ապահովել։ Սա անընդունելի բան է, բայց ավելի մեծ խնդիր է այն, որ 2023-ին այդ ցուցանիշն ավելի է նվազել, դարձել է 390 տոննա»։