451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: