«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչության գլխավոր հարթակներից մեկը՝ kavkazplus.com ռեսուրսը, օրերս մի հսկայական հոդված էր հրապարակել, որտեղ հերթական անգամ «մտահոգություններ» են արտահայտվում Հայաստանի հանքարդյունաբերության ու վերջինիս կողմից իբր տարածաշրջանին հասցվող բնապահպանական «վնասների» վերաբերյալ: Ընդ որում, ադրբեջանական բնապահպանները «հղումներ» են անում չեխական «Առնիկա» կազմակերպությանը, որը Հայաստանում ուսումնասիրություններ էր կատարել, և որի հետ կապված մենք հրապարակում էինք ներկայացրել՝ հրավիրելով Հայաստանի համապատասխան կառույցների ուշադրությունը: Սա արդեն կազմակերպված ու ծրագրված հարձակման տպավորություն է թողնում, քանի որ զուգահեռաբար անցյալ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներն ինտենսիվորեն տարածեցին իրենց «բնապահպանների» արդեն երկրորդ նամակը՝ ուղղված Հայաստանի վարչապետին։