Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում տեղադրված նախագծերի վերաբերյալ հնարավոր է ոչ միայն կարծիք հայտնել, այլև քվեարկել: Ինչպես հայտնի է, հունվարի 22-ին հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման նախագիծ, որով մասնավորաբար նախատեսվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Այս նախագծի հետ կապված հետաքրքիր զարգացումներ են ստանում ոչ միայն հանրային քննարկումները, այլև օնլայն քվեարկության ընթացքը: Եթե առաջին մեկ օրվա ընթացքում դեմ քվեարկածները կազմում էին մոտ 80 տոկոս, ապա հաջորդ երկու օրերին միանգամից սկսեց աճել «կողմ»-երի թիվը՝ ժամանակ առ ժամանակ նույնիսկ մոտենալով 50 տոկոսի շեմին: Երեկ երեկոյան հարաբերակցությունը 44/56 էր: