Հայ Եկեղեցում այսօր նշվում է Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակի օրը։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։ Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան: 379 թվականին նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսն առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես հայրապետին: Ուղղափառ հավատի զորացման համար կարևորվում է 381 թվականին նրա հրամանով գումարված Կ.Պոլսի տիեզերական ժողովը: Ուսանելի է բարեպաշտ քրիստոնյայի խոնարհ վարքը: Երբ Միլանի եպիսկոպոսն ի պատիժ Թեսաղոնիկեում կազմակերպած ժողովրդի կոտորածի, կայսերն արգելում է մուտք գործել եկեղեցի, վերջինս խոնարհաբար հնազանդվում է և միայն 8-ամսյա ապաշխարությունից հետո ոտք դնում Աստծո տաճար: