«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ «Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձեւով Սեւանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը եւ Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին աշխատացրել եւ առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նարեկ Նալբանդյանը, հարցին հստակ մեկնաբանություն տալու փոխարեն, շատ ագրեսիվ էր արձագանքել՝ խնդրելով իրեն չզանգել, բայց մենք խոսում ենք փաստերով: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է կապ հաստատել նաեւ ազգությամբ եգիպտացի, «Գոլդեն Փելիս» հյուրանոցի արդեն նախկին գլխավոր մենեջեր Մահմուդ Սաադի հետ: