Նախօրեին Ազգային ժողովում քպականները բառիս բուն իմաստով «վրաերթի» ենթարկեցին իրենց իսկ կառավարության անդամին՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Իսկ առիթը Հաշվեքննիչ պալատի զեկույցն էր, որտեղ արձանագրված էր, որ ԲՏԱ նախարարությունը ձախողել է մի շարք նախաձեռնություններ ու ծրագրեր: Սա, կրկնենք, առիթն էր, իսկ պատճառը, «Փաստ» թերթի տեղեկություններով, այլ է: Բանն այն է, որ Ռոբերտ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում», քանի որ չի կատարել վերջինիս հանձնարարությունը՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ։ Ինքը՝ նախարարը, նույն օրը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարց չի քննարկվել, քանի որ դա սխալ կլիներ։ Նրա խոսքով, ռուսական կողմն ընդունել է խախտումների փաստը և խոստացել դրանք վերացնել: Ի դեպ, նույնի մասին մի քանի օր առաջ հաղորդագրություն էր տարածել ԲՏԱ նախարարությունը, սակայն ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը և մասնավորաբար նշել, թե «Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել»։