Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամաուլի ծառայությունից։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ա.Կ.-ն, թմրամիջոցների մաքսանենգությամբ և ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019-2022թթ. ընթացքում համաքաղաքացիների՝ 31-ամյա Ռ.Բ.-ի, 26-ամյա Ա.Ս.-ի, 23-ամյա Վ.Չ.-ի, 32-ամյա Վ.Գ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իր և հանցակիցների կողմից ստեղծված և կառավարված տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, այդ նպատակով կազմակերպել և ղեկավարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային և ՀՀ պետական սահմաններով: