Կարեն Անդրեասյանը, որ «նախկինների» ժամանակ լավ հարմարված էր ՄԻ պաշտպանի պաշտոնում, իսկ իշխանափոխությունից հետո շտապեց իր «մասնագիտական ծառայությունները» ի սպաս դնել Նիկոլ Փաշինյանին ու հիմա Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է, նախօրեին հայտարարել է. «Այդքան քննարկված և պահանջված դատական վեթթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո»: Նա էլի ինչ-որ վիճակագրական տվյալներ է բերում: Բայց... Այն, ինչ կատարվել ու կատարվում է դատական համակարգում վերջին 5 տարվա ու հատկապես վերջին 1-2 տարվա մեջ՝ Կարեն Անդրեասյան-արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան «տանդեմի» կողմից, ոչ թե «վեթթինգ» է, այլ դատական համակարգի, եթե կուզեք՝ դատական իշխանության «մորթոցինգ»: Ընդ որում, հենց Անդրեասյանի բերած «թվաբանությունն» էլ է դրա մասին վկայում: