Ինչի՞ մասին էր ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի երեկվա ճառը՝ ԱԺ ամբիոնից: Նկատի ունենք նրա ելույթի հատկապես դատ-դատաստանին, դատարաններին, դատավարությունների ձգձգումներին վերաբերող հատվածը, որը փաստացի կառավարության նիստերից մեկում սկանդալային հրահանգ-ելույթի շարունակությունն էր: Մեծ հաշվով, դա գրեթե անսքող, այսինքն՝ վատ քողարկված, տո՛, կոնկրետ հատվածներում ոչ էլ քողարկված հրահանգ էր առ դատավորները: Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն դուր է գալիս այն հանգամանքը, որ ինքը, չունենալով դրա իրավունքը, չարաշահելով զբաղեցրած պաշտոնը, հրահանգներ է իջեցնում դատական համակարգին, դատավորներին, թե ինչն ինչպես անեն, ում դատեն, ում չդատեն, ինչ արագությամբ դատեն, ինչպիսի դատավճիռներ կայացնեն: