Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը։ Այս անհեթեթ թեզի տարածողների ճնշող մեծամասնությունը 2018-ի ապրիլին դուրս էր եկել փողոց ու «Սերժ էր մերժում»։ Սրանք ուրախությունից ցնծում էին 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն իմանալուն պես եւ քեֆ-տոնակատարության մեջ էին, երբ Երեւանի փողոցները ողողված էին «Աշոտյան -42,5» եւ «Շարմազանով-42» վերտառությամբ սեւ ժապավեններով։ Ի վերջո մենք որեւէ մեկին չէինք ուղարկել հրապարակներ մեզ մերժելու ու անիծելու։ Սա չի նշանակում, որ 2018-ի իշխանափոխության մեջ ՀՀԿ -ն որեւէ մեղք չունի։ 2021-ի ՀՀԿ համագումարում ելույթի ընթացքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է սխալների, բացթողումների ու մեղքի իր եւ մեր բաժնի մասին։ Բայց առնվազն բարոյական չէ կապիտուլյանտին համարել մեր նախագիծը։ Ինչպես ժամանակին իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը. «Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի»։