Ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով ի հայտ եկած դրական արտածին գործոնների շնորհիվ նախորդ տարի և այս տարեսկզբին արձանագրված բարձր տնտեսական աճն աստիճանաբար դանդաղում է։ Այս հանգամանքը պետք է լրջորեն մտահոգի կառավարությանը, քանի որ, նկատի ունենալով ներկայիս շեշտակիորեն փոփոխվող աշխարհաքաղաքական զարգացումները, չպետք է բացառել արտաքին իրավիճակի փոփոխության այնպիսի սցենարների հնարավորությունը, որոնք կարող են չեզոքացնել կամ էապես թուլացնել ՀՀ տնտեսության համար այդ նպաստավոր արտածին գործոնների ազդեցությունը։ Այս պայմաններում կառավարությունից ակնկալվում են առկա դրական զարգացումները պահպանելուն և փաստացի ու հնարավոր բացասական հետևանքները մեղմելուն ուղղված գործուն քայլեր։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2024թ. պետական բյուջեի նախագծով 2024թ. համար կառավարությունը թիրախավորել է բավական բարձր՝ առնվազն 7% տնտեսական աճի ապահովումը։