Նոյեմբերի 19-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցին նշեց օծման 18-րդ տարեդարձը։ Տոնական միջոցառումից առաջ Սրբազան հոր ձեռամբ օծվեցին եկեղեցու 7 նորընծա խաչվառները։ Այս մասին տեղեկանում ենք Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից։ Նավասարդ Սրբազանին Սուրբ Երրորդություն եկեղեցու համայնքը դիմավորեց հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի ու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի գլխավորությամբ։ Սրբազան հորն ուղեկցում էին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պարթեւ քահանա Մուրադյանը եւ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը։