ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ու՞մ է հաղթել Ալիևը, որ «հաղթանակի» զորահանդես է անում հայկական Ստեփանակերտում: Հայաստանի՞ն, որի ԶՈւ ստորաբաժանումների կեսից ավելին չեն մտցվել 44-օրյա պատերազմի ակտիվ ռազմական գործողությունների մեջ: որի թավշյա կառավարությունն միտումնավոր չի իրականացրել ռազմական դրությանը հարիր պատշաճ կառավարում և անհրաժեշտ գործողություններ: որի վարչապետն իր ստորագրությամբ ավելի շատ տարածքներ է նվեր տվել, քան 44 օրում ուժասպառ եղած ադրբեջանական բանակն է զավթել: որի վարչապետը միանձնյա ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում և այլն: Ու՞մ է հաղթել Ադրբեջանը, չճանաչված Արցախի՞ն, որի պաշտպանական բնագծերը Թուրքիայի, Ուկրաինայի, Պակիստանի, Իսրայելի ու վարձկան-ահաբեկիչների ակտիվ աջակցությամբ, տաս օր շարունակ չէր կարողանում ճեղքել: որի փորձառու հրամանատարների մեծ մասին Նիկոլը հեռացրել էր զինվորական պաշտոններից կամ մեղադրանքներ էր առաջադրել: որն ինը ամիս շարունակ բլոկադայի և սովի էր մատնվել: Ու՞մ է հաղթել Ադրբեջանը, ռուսական խաղաղապահների՞ն, որոնք գնացին Արցախ, որպեսզի արցախցիները մնան, բայց ստացվեց այնպես, որ իրենք մնացին իսկ արցախցիները` գնացին: Իրականում, ու՞մ է հաղթել Ալիևը: Ոչ մի հաղթանակ էլ նա չի կերտել ու չէր կարող կերտելու: Ադրբեջանցի ասկյարը չի կարող արդար մարտում հաղթել հայ զինվորին: Իր այսօրվա ստեփանակերտյան «զորահանդեսի» համար Ալիևը պարտական է Նիկոլ Փաշինյանին, Թուրքիային, Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, աշխարհաքաղաքական իրավիճակին, նաև նավթին ու գազին: Նույնիսկ ՌԴ նախագահն ուղիղ հասկացրեց, որ եթե չլիներ Նիկոլ Փաշնյանի Պրահայի հայտարարությունը, ապա Իլհամ Ալիևը Ստեփանակերտին կնայեր լավագույն դեպքում Շուշիի հեռավորությունից: Գուցե հետագայում դա էլ չկարողանար անել: Կարծում եմ Իլհամ Ալիևը լավ գիտակցում է իր ֆեյք հաղթանակի ծանր գինը, որը դեռ պետք է վճարի: Օդից ընկած «հաղթանակը» մի օր էլ կարող է հօդս ցնդել: Նիկոլը հավերժ չէ, ոչ էլ բարեկամներն են հավերժ: Նավթն ու գազն էլ տեխնոլոգիական արագ զարգացմանը զուգահեռ կկորցնի իրենց քաղաքական նշանակությունը: