Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում շնորհավորելով Հայոց Հովվապետին օծման և գահակալության տարեդարձի կապակցությամբ, ի մասնավորի նշեց. «Ձերդ Սրբության գահակալության տարիների ընթացքին մեր Եկեղեցին ապրեց նոր վերելքներ, հոգևոր-կրթական, եկեղեցաշինության և հոգևոր-հովվական ասպարեզներում: Ձեր շնորհիվ վեր խոյացան բազմաթիվ եկեղեցիներ, որոնց զանգերի ղողանջները դարձան անլռելի հրավերներ մեր ժողովրդի հոգևոր զարթոնքին: