«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, բացի անշարժ գույքից եւ ոսկյա իրերից, գրավադրված ապրանքների շարքում կան նաեւ կենդանիներ։ Քանի որ հայերս սովորություն ունենք ոսկյա իրեր գրավադնել, այս հարթակում կա ոսկյա իրերի լայն տեսականի, բայց կենդանիներն ինչպես են գրավադրվել, անհայտ է։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կարող եք գտնել 25 հազար 126 դրամ արժողությամբ Բուլդոգ ցեղատեսակի շուն, տարիքը՝ 8-9 ամսական։ Հաջորդ կենդանին եւս շուն է, եւ «Նկարագրություններ» բաժնում գրված է. «Հավանաբար Տոյ Սպանիել/Պապիլոն/ եւ Չիխուախուա ցեղատեսակների խառնուրդ, մոտ 8-15 ամսական»։ Աճուրդում շատ են նաեւ առօրյա օգտագործման իրեր՝ մանկական հագուստ՝ 1000, 2000, 3000 դրամ արժեքով։ Ամենահետաքրքիրն այս շարքում 35 հազար 21 դրամ արժողությամբ սանրերի խուրձն էր՝ 744 հատ, նկարագրությունը՝ «Նոր, ապրանքային տեսքը պահպանված»։