Շարունակվում են Ռուսաստանի հետևողական ջանքերը՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Օգնությունը հասնում է նրանց, որոնք ինքնակամ լքել են մարզը, ինչպես նաև այն բնակիչներին, որոնք որոշել են մնալ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, որը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջնորդությամբ, մեր խաղաղապահները մոտ 200 տոննա մարդասիրական օգնություն և վառելիք ու քսանյութ են մատակարարել ղարաբաղցիներին, սեպտեմբերի 25-ին վառելիքի պայթյունից հետո կազմակերպել են հարյուրավոր տուժածների բժշկական տարհանումը և ուղեկցել ղարաբաղցիների շարասյունները, որոնք որոշել էին մեկնել Հայաստան։ Ռուս ռազմական բժիշկները շարունակում են աշխատել տարածաշրջանում։