Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու մյուս քպականները հաճախ են իրենց կործանարար քաղաքականությունն արդարացնում «ժողովրդի քվեով», նորություն չէ: Սակայն որոշ դեպքերում նաև այլ ուղղություններից են «մեղադրանքներ» հնչում ժողովրդի հասցեին, որ նույնիսկ պատերազմից հետո նորից ընտրել են Նիկոլ Փաշինյանին: Այո, 2021 թվականին նրա կուսակցությունն իսկապես ստացել է ընտրողների շուրջ 54 տոկոս քվեն: Բայց նախ՝ ամրագրենք, որ այդ արդյունքը գրանցվել է աննախադեպ վարչական ռեսուրսի կիրառման, իրավապահ համակարգը որպես քաղաքական մահակ օգտագործելու, խուզարկությունների, ձերբակալությունների, ահաբեկումների արդյունքում, այնպես, ինչպես արվում է խիստ դիկտատուրայի պայմաններում: Մյուս կողմից՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, որևէ կապ չունի այն նախընտրական ծրագրերի հետ, որոնք նա ներկայացրել էր խորհրդարանական նախորդ երկու ընտրություններին, այդ թվում՝ ընդհանրապես Արցախի և, մասնավորաբար, ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված: