Բոլոր նրանք, ովքեր մղձավանջից հետո որոշ չափով հանգստացել են, անհրաժեշտ է, որ այս օրերին մասնակցեն հաշվառման գործընթացին, որովհետև սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառումը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Եթե անգամ մարդիկ Վայքում կամ Գորիսում չեն հասցրել հաշվառվել, ապա կարող են մոտենալ մարզային կենտրոնների տարածքային ստորաբաժանումներ։ Յուրաքանչյուր համայնքում կա ներկայացուցչություն (ընդհանուր թվով` 64), և կոնտակտային անձերի միջոցով հնարավոր է իրականացնել հաշվառում։ Բոլոր համայնքներում ստեղծվել են աշխատանքային խմբեր, և այդ կոնտակտային տվյալները հնարավոր է գտնել irazekum.am կայքում։ Նախօրեին ՀՀ վարչապետը ներկայացրեց, որ իր մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, անկախ տարիքից, հատկացվելու է միանվագ 100 000-ական դրամ։ Այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, տվյալ գործընթացը կիրականացվի ավելի դյուրին, անկանխիկ փոխանցումով»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը։