Երրորդ Հանրապետության գոյության առաջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը փորձում էր լուծել Հայկական հարցը՝ օգտվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաստատված հարաբերական անդորրից և Կովկասում միմյանց հանդուրժելու իրողությունից։ Հիմնադրման առաջին իսկ օրից Հայաստանը սկսեց վարել իրապես բալանսավորված/կոմպլեմենտար/փոխլրացնող քաղաքականություն, որտեղ տնտեսական և անվտանգային բաղադրիչը մեծամասամբ ապահովում էր Ռուսաստանը, իսկ միջազգային ստանդարտների, ժողովրդավարական արժեքների հաստատումը հովանավորում էր հավաքական Արևմուտքը։ Հայաստանի տնտեսությունը, սպառման շուկաները, անվտանգության երաշխիքները կապված էին ՌԴ-ի հետ, իսկ պետականաշինության ստանդարտներն ու ժողովրդավարության փիլիսոփայությունը՝ Արևմուտքի հետ։