14 ուժերից ամենահարուստը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։ Տիգրան Ավինյանին որպես քաղաքապետի թեկնածու ներկայացրած կուսակցությունն ունի 45 անշարժ գույք Երեւանում եւ մարզերում, որոնք բոլորը վարձակալված են։ Հետաքրքիր է, որ այս կուսակցության ամենամեծ գրասենյակը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 1050 քառակուսի մետր տարածքով։ Իսկ Երեւանի Հանրապետության փողոցում գտնվող վարչական շենքի մակերեսը 843 քմ է։ Բացի այս անշարժ գույքերից, ՔՊ-ն ունի նաեւ շարժական գույք՝ «Տոյոտա Տակոմա» մակնիշի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամական միջոցները կազմում են 424 մլն դրամ, եկամտի աղբյուր են հանդիսանում կուսակցության անդամների անդամավճարներն ու նվիրատվությունները, որոնք մեկ տարվա ընթացքում կազմել են 586 մլն դրամ։