Արդեն ամսից ավել է, ինչ լռում եմ։ Երկրի մթնոլորտում դժոխային թույնի տեսակարար կշիռն այնքան է ավելացել, որ կարծես, լեզուս սոսնձել է ատամներիս, և ձայնալարերիս փոքրիկ թրթիռն անգամ բերանումս արնահոսող վերքեր է առաջացնում։ Հայրենիք, Ազգ, Հող, Երկիր․․․ Սրանք խոսքեր են, որ ամեն Հայի շուրթերից անուշ մեղրագետերի պես պիտի հոսեն, մինչդեռ՝ այսօր այս բառերն այնքան դառնահամ են դարձել, որ արտասանելիս լեզուդ տտպում է, լնդերիդ թունավոր խոցեր են բացվում, ջանում ես իրարից պոկել ծծմբանման ատելությամբ միմյանց կպած շուրթերդ՝ պատռվում են, փորձում ես գոռալ՝ հառաչանք է դուրս գալիս, փորձում ես ոռնալ՝ հոգեվարքի հևոց է դառնում։ Մարդկային ճահճի եղեգնուտներում փորձում ես գտնել Վահագնի եղեգը, եղեգան փողից լերդացած արյունն է գնդերով դանդաղ գլորվում ու ցողունից ցած թափվում։ Եղեգան փողն արդեն կտրել են ու դարձրել ողորմաթաս․․․ Աղոթքդ ուղղում ես առ Աստված ու հանկարծ նկատում, որ Հայոց Ծաղկած Խաչի երեքնուկներն ամոթից թոռոմել են ու ոգու քաղցից չորացել։