Եվրոպական տասներկու երկրներում գործող հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչները հուլիսի 24-ին առցանց հանդիպում են ունեցել և քննարկել Արցախի շահերի պաշտպանության շուրջ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները։ Մտքեր են փոխանակվել հուլիսի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված որոշումների գործարկման ընթացքի վերաբերյալ ու նախանշել առաջիկա գործողությունները։ Այս առումով վերարժևորվել է Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման շրջանակներում Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին հասցեագրված գրությանը եվրոպական ավելի քան 470 կազմակերպությունների միացման փաստը։