«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի գործունեությունը դադարեցված է: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ գրասենյակի փաստացի լուծարման պատճառը դարձյալ ընտրակեղծիքներն են: Պարզվում է, որ Մալաթիայում ՔՊ-ն թեւերի է բաժանված եղել. մի թեւն ուղղորդվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից, մյուս թեւը՝ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի տիկնոջ ազգական, Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Էդգար Հակոբյանի կողմից: ՔՊ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների ընտրությունների ժամանակ կողմերը իրենց ցանկալի մարդկանց ցուցակներ են տվել շարքային ՔՊ-ականներին, որպեսզի ընտրեն, եւ այդ կեղծիքը պատահաբար բացահայտվել է: