«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատերդ հանդիպած կլինեք նման կերպարի: Այն, որ կյանքից համակողմանի վիրավորյալ է, իմա՝ «աբիժնիկ» և բակային զրուցատաղավարի («բիսեդկա») շրջածիրում ինչ-որ կշիռ ունենալու նպատակով շարունակ սրա-նրա հասցեին սուտուփուտ «լուրեր» է տարածում, բամբասում է, խառնակչություն է անում («մուտիլովկա»): Թե բա՝ իմացա՞ք, էն օրը յոթերորդ հարկի Վլեի հարսը քիչ չի գիշերվա կեսին եկավ, էն էլ՝ ուրիշի ավտոյով: Ու ոչինչ, որ գրեթե տեղում պարզվում է, որ նախ՝ յոթերորդ հարկի Վլեն ընդհանրապես հարս չունի: Պարզվում է, որ դա ութերորդ հարկի Վերգուշի հարսն է եղել, ուրիշի ավտոն՝ տաքսի, իսկ ուշ տուն գալը պայմանավորված էր նրանով, որ նույն այդ Վերգուշին շտապ տեղափոխել էին հիվանդանոց, իսկ քննարկվող հարսն էլ տուն էր վերադարձել, որ հիվանդի համար առավոտյան անհրաժեշտ պարագաներ և սնունդ տանի:Հա՛, բայց ոմանք սկսում են մի տեսակ շեղ նայել «յոթերորդ հարկի Վլեին», որքան էլ որ նա ընդհանրապես հարս չունի և չէր էլ կարող ունենալ, քանի որ միայն երեք աղջիկ ունի: Բայց որ սուտն էլ բռնվում է, նշյալ տիպարը միշտ պատճառաբանություն ունի՝ այսինչից եմ լսել...