Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել երկրի շարունակվող ամբողջական շրջափակման մասին՝ կոչ անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությանը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու համար ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ և լիարժեք իրականացումը։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առաջնային պատասխանատվությունը, ինչպես նաև միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներին, ներառյալ առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարություններին, խոսքից գործի անցնել և Պաշտպանության համընդհանուր պատասխանատվության շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները և մարդկության դեմ հանցագործությունները։