Չեմ կարող նշել փողոցային պայքարի մանրամասները, բայց ակնհայտ է, որ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ։ Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել գլխից հանել այն միտքը, որ իրեն իշխանությունից կհեռացնի ՀՀԿ-ն՝ հավաստիացնելով, որ դա կանի հայ ժողովուրդը։ «Մոտ ապագայում կգա պահը, երբ մենք կհրավիրենք հայրենասեր քաղաքացիներին ամենակարեւոր մրցույթին, ինչպես ասել է նախագահը (նկատի ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին)։ Մենք մեր գործը գիտենք, մենք մեր գործն արել ենք՝ սկսած 2018 թվականից։ Եվ անելու ենք»,- ընդգծել է Մամիջանյանը։