ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Ստեփանակերտի հետ բանակցությունները կարող են լինել միայն «ինտեգրման» օրակարգով։ «Ակնկալել, որ Արարատ Միրզոյանը դիվանագիտության տեսանկյունից լինելու է մի ռահվիրա և շրջելու է ադրբեջանական մոտեցումները, կարծում եմ՝ նաիվություն է։ Մենք ականատես ենք լինում ադրբեջանական հերթական պայմանի կատարմանը. Ոչ՝ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունը չի կարող բխել Արցախի շահերից։ Դրա մասին խոսել են Արցախի ամենատարբեր պաշտոնյաներ, որովհետև հանդիպման օրակարգը ոչ թե հումանիտար հարցերի վերաբերյալ է, այլ խոսքը ռեալ քաղաքական բանակցությունների մասին է, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից։ Այդ պարագայում ես հիմնվում եմ Ադրբեջանի հայտարարությունների վրա, թե իրենք ինչի շուրջ են բանակցելու»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։