Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։ Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։ Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն Ադրբեջան պետության ուղղակի և միանշանակ համաձայնությունն է՝ Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողություն փոխանցել ՌԴ խաղաղապահ զորակազմին։