«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Տեղ գյուղի բնակիչների համար ադրբեջանական զինուժի սպառնալիքներից ոչ պակաս սպառնալիք է դարձել համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ իր թիմով։ Նա, կարելի է ասել, համայնքում «բեսպրեդել» է հաստատել։ Մեր տեղեկություններով՝ 2 օր առաջ Ղուլունցի եւ համայնքի բնակիչ, 23-ամյա Աշոտ Գալստյանի միջեւ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, երկուստեք թիմակիցներին են կանչել, եւ խմբակային ծեծկռտուք է եղել։ Մեզ ասացին, որ Ղուլունցի գլուխն է թեթեւ վնասվել, իսկ 23-ամյա երիտասարդը դեմքի շրջանում բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է «Հերացի» հիվանդանոց։