Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից արցախցիների վերադարձը խոչընդոտելու խնդրի վերաբերյալ․ «Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտումը, որն ի ցույց է դնում Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ավելի քան 110 օր լիակատար շրջափակման մեջ պահող Ադրբեջանի իրական նպատակները: Ադրբեջանական կողմը հրաժարվել է թույլ տալ Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաներին, որոնք տեղափոխում էին շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից զրկված Արցախի քաղաքացիներին: Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանական կողմը կանգնեցրել է մեքենաները և 5 ժամ շարունակ հոգեբանական ահաբեկման ենթարկել դրանցում գտնվողներին՝ հիմնականում կանանց, երեխաներին և տարեց մարդկանց: Այնուհետև Ադրբեջանը փորձ է արել մարդկանց տառապանքները վերածել կեղծ հումանիզմի բեմադրության: