Ես ոգեւորված չեմ ՌԴ որոշ պաշտոնյաների հայտարարություններով եւ անթույլատրելի եմ համարում, երբ ահաբեկչին եւ ահաբեկչի թիրախին դնում են նույն հարթության վրա եւ երկուսին էլ հանդարտության կոչ են անում: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրուցյում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դա շատ նման է նրան, որ 1980-ականների վերջին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահ կար, ու երբ ժողովուրդներն իրար հետ կռվում էին, ասում էր՝ կլուբնիկի պատճառով են իրար հետ կռվում: Մյուս կողմից էլ մենք գոնե երեկ տեսանք Ռուսաստանի ՊՆ հասցեական հայտարարությունը: Իսկ ուրիշ ավելի հստակ հայտարարություններ եղա՞ն: Այսօր տեսա, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն եւս հասցեական հայտարարություն արեց, բայց մեր տարածաշրջանում կա ԵՄ հատուկ ներկայացուցիչ, ով պարտավոր է այդ իրադարձություններից մանրամասն տեղյակ լինել: Իսկ նա ի՞նչ ասաց: Ի՞նչ է նշանակում արյունալի իրադարձություններ: Դա ի՞նչ ասելու բան էր: Ուզում եմ ասել, որ ամեն ինչը պետք է միշտ դիտարկել համեմատության մեջ: