Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով որոշման վերաբերյալ: «Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։ Տվյալ վճիռը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին դատարանի կողմից ընդունված նախորդ ժամանակավոր միջոցների տրամաբանական շարունակությունն է, որոնք Ադրբեջանին պարտավորեցնում են կանխել ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական կառույցների կողմից։