Արցախի Հանրապետությունն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) այսօր նշում է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդի փուլի 35-ամյակը. պայքար, որն իր մեջ մարմնավորել է ժողովրդի հավաքական ձգտումը՝ վերականգնելու պատմական արդարությունը, պահպանելու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, լիարժեք կերպով իրացնելու հայրենիքում ազատ ապրելու և զարգանալու իր անքակտելի իրավունքը: Ի պատասխան Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ վարվող խտրական քաղաքականության՝ Արցախի ժողովուրդը հավաքեց իր ողջ կամքն ու միավորվեց՝ հանուն Արցախի վերածննդի և Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի: