Ղարաբաղյան շարժումով սկիզբ դրվեց Արցախի վերածննդին և կասեցվեց իր բնօրրանում դարերով ապրող հայ ժողովրդի մի հատվածի բնաջնջումը: 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ էր մտել տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը՝ Արցախի հայության միանգամայն օրինական ու արդար պահանջը: 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց որոշում, որով ամրագրում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Դա հիրավի շրջադարձային իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում, որի պատմաքաղաքական նշանակությունն անվիճելի է: