ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը հունվարի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին և վերջինիս փոխանցել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Փասադենայի տեղական ենթահանձնախմբի կողմից ուղարկված Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի հայտարարությունն՝ ի զոկացություն Արցախի ժողովրդի և նրա պայքարի։ 2022թ․ դեկտեմբերի 22ի հայտարարությամբ, որը կրում է քաղաքի դրոշմը, Փասադենայի քաղաքապետը անդրադառնում է 2020թ․ սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմին, Արցախի Հանրապետության շրջափակմանը, հասունացող հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև Փասադենայի հայ համայնքի՝ Ցեղասպանության զոհերի սերունդները լինելու հանգամանքին։