4 տարի է` որոշակի շրջանակներ պնդում են, թե Հայաստանում զանգվածային հայրենադարձություն է, արտագաղթ չկա, իսկ վերջին ամիսներին իբրև թե հարյուր հազարավոր ռուսներ են հաստատվել ՀՀ-ում։ Այսօր Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայությունը (Росстат) հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբերին ՌԴ սոցիալ-տնտեսական դրության ցուցանիշները, այդ թվում` ՀՀ-ՌԴ միգրացիոն հաշվեկշիռը։ Ըստ այդմ` 2022 թ. հունվար-սեպտեմբերին հաշվեկշիռը ՌԴ համար -14410 է, այսինքն` այդքան մարդ կամ մնացել է ՀՀ-ում, կամ էլ ՀՀ միջոցով երրորդ երկիր է տեղափոխվել։ Ի դեպ, Վրաստանի դեպքում ցուցանիշն այնքան է նվազել, որ ընդամենը -616 է, իսկ Ղազախստանում` -9515, որոնք համահունչ են այդ պետությունների հրապարակած տվյալների հետ։ ՀՀ-ում ևս նվազում է նկատվում. 2022 թ. հունվար-հուլիսին հաշվեկշիռը -16530 էր, հետևաբար օգոստոս-սեպտեմբերին նկատվել է ՀՀ-ում ռուսաստանցիների` 2120-ով նվազում։