Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 20-ի գիշերը՝ հերթական կանխարգելիչ շրջայցի ընթացքում: Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը չորսին Դրոյի փողոցում, մեքենայից գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու` իր վարած «Աուդի» մեքենայով հանդերձ: Սրահում՝ տոպրակի մեջ, մեքենայի հայելիներ կային: Ոստիկանների հարցին, թե որտեղի՞ց հայելիները, վարորդն ուներ պատրաստի պատասխան. տաքսի ծառայություն է մատուցել, ուղևորներն են մոռացել մեքենայում: Պատասխանը, սակայն, հավատ չէր ներշնչում, քանի որ ոստիկաններն ունեին բոլորովին այլ օպերատիվ տեղեկություն: Հարկավոր էր գտնել մեկ այլ մեքենա, այլ գործող անձերով, և հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասցնելու համար Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները դիմեցին մայրաքաղաքի պարեկների օգնությանը: