Հայաստանյան առաքելական եկեղեցին այսօր նշում է Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը։ Qahana.am-ը գրում է, որ Հայ եկեղեցու հրեշտակաբանության համաձայն` հրեշտակներն անմարմին հոգիներ են՝ իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ, անմահ և սպասավոր Աստծուն: Ըստ եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդ արարածին: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաև երկրավոր կյանքի ընթացքին, գործում են ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու հետ, մարդու համար: Հրեշտակներին անվանում են նաև Աստծո պատգամավորներ, ովքեր մեզ են փոխանցում Տիրոջ կամքը: Ս. Գիրքը վկայում է, որ նրանք բազմաքանակ են: