Մենք՝ գործող լրագրողներս, ամենօրյա աշխատանքով շարունակում ենք հայ մամուլի ավանդույթները, ինչը ոչ միայն հպարտության առարկա է, այլ նաև չափազանց պարտավորեցնող առաքելություն: Այսօր մեր պետությունը բախվում է լրջագույն մարտահրավերների, պայմանավորված` ինչպես արտաքին, գոյաբանական սպառնալիքներով, այնպես էլ ժողովրդավարությանն ուղղված ներքին ոտնձգություններով, ազատ խոսքի հանդեպ դրսևորվող՝ երբեմն թշնամանքի հասնող անհանդուրժողականությամբ: Բոլոր այս իրողությունները բազմապատիկ բարդացնում են մամուլի, զանգվածային լրատվության միջոցների աշխատանքը: Մյուս կողմից, սակայն, նաև մեր մասնագիտական գործունեությանն ուղղված այդ մարտահրավերները ստիպում են մեր աշխատանքին վերաբերվել ոչ միայն ծայրահեղ պատասխանատվությամբ, այլ նաև նույնքան պատվախնդրությամբ՝ մեր մասնագիտությունը ամենատարբեր ոտնձգություններից պաշտպանելու իմաստով: