Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը կրկին օբյեկտիվորեն ալեկոծել է հայ հասարակական-քաղաքական կյանքը: Որոշ առումներով այն ալեկոծել է ոչ այն ուղղությամբ, որը որ պետք է լիներ: Հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում կրկին ակտուալ է դարձել հայ ժողովրդին փրկելու կամ նրան դավաճանելու թեզը: Ճիշտ այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ կամ դրանից հետո էր: Այսօր մենք բողոքում ենք ռուսներից, ՀԱՊԿ-ից, միջազգային հանրության ոչինչ չասող կոչերից և այդպես շարունակ: Սակայն արդյո՞ք ինքներս մեզ հարց ենք տալիս․ իսկ ո՞վ ասաց, որ որևէ մեկը մեզ պետք է փրկի: Որտե՞ղ է դա գրված: Բարոյական տիրույթու՞մ: Քաղաքականության մեջ կան շահեր և մեծ հաշվով չկա քաղաքական իդեալիզմ, իսկ բարոյական ասպեկտը միշտ ստորադասվում է սեփական շահերին: Եվ դա օբյեկտիվ է: Այդպես է մարդկության քաղաքակրթական պատմությունը: Հին ժամանակներից սկսած անգամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունները հիմնված են եղել դիմացինի կողմից սեփական վարկն իմանալու և հարաբերություններում արժանապատվություն դրսևորելու կարողության հետ: Թույլ կողմին անգամ դաշնակիցը չի օգնի, որովհետև «թույլը» ոչ թե դաշնակից է, այլ «վասալ»: